Category: Համո Սահյան

Քամու համբույրը

 
Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի, —
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Եվ ծիծաղում էր անտառի վրա։

Առաջադրանքներ՝

  1. Թվարկիր բանաստեղծության հերոսներին. բնութագրիր նրանց:

քամի  տերև,   կաղնի,   անտառ

սուլացող  քամի,   դողացող  տերև,   հինավուրց  կաղնի,  հուզված  անտառ։

2,Ինչու էր քամին ծիծաղում անտառի վրա:

Որովհհետև  անտառն  ալեկոծվել  էր  և  իր  մեծ  գրկի  մեջ  քամու  համբուրած  փոքրիկ  տերևն էր որոնում,  քանի  որ  խշշում  էր  անտառը  ու  տարուբերվում,  ու  երկինք էր  հասնում  խշշոցը  նրա, իսկ  քամին  ուրախ  սուլում  էր  հեռվում   և  ծիծաղում  էր  անտառի  վրա։

3․Առանձին սյունակներով գրիր գոյականները, բայերը:

գոյական-տերև,  կաղնին,  ծառ, անտառը,  երկինք,    խշշոց,   քամի,

բայ-դողաց, դիպավ    խշշխշաց,  տարուբերվեց,  կռացավ,  հասավ,    ալեկոծվում  էր,  օրորում,  որոնում,   խշշում  էր,   հասնում  էր,  սուլում  էր,   ծիծաղում  էր։

4․Համառոտիր նախադասություն՝ Քամին ուրախ սուլում էր հեռվում:

Քամին սուլում  էր։

«Հայաստան ասելիս»

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Մշուշների շղարշի տակ

 

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Զերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու;

Հարցեր և առաջադրանքներ
1.Ինչպե ՞ս ես հասկանում հետևյալ պատկերները:
Մշուշների շղարշի տակ- մառախուղով ծածկված
Ամպը լեզուն կուլ է տվել- վերջացել է անձրևների շրջանը
Ցերեկն էլ է ցրտից կծկվել- օրվա տևողությունը կարճանում է

2.Դուրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

3.Ի՞նչ գույներ կօգտագործես այս բանաստեղծությունը նկարազարդելիս:
Կօգտագործեմ մռայլ գույներ, հիմնականում մոխրագույն:

«ՊԱՊԸ»

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

ՄԱՅՐԱՄՈՒՏԻՑ ԱՌԱՋ

 

Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով» …
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:
Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու:
Ներիր ինձ, դու իմ բարի,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:
Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ
Թող կուրծքս մի քիչ ցավի,

Որ սրտիս տեղն իմանամ:
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով» …
Հ. Սահյան

«ԱՆՁՐԵՎ»

 

Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է…
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է, –
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին…
Ա՜խ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է:

Համո Սահյան

Համո Սահյան | Hamo Sahyan

 

1914 – 1993

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ.ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:

Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:

1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:

Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:

1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն: